Հաշվեհամար: 1570025820780100 Ameriabank CJSC
  • Նվիրաբերել
  • Գնել խճանկարի կտոր
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՆՔ
    • Հիմնադրամի մասին
    • Ռազմավարություն
    • Հոգաբարձուների խորհուրդ
    • Աշխատակազմ
  • ՄԵՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ
    • Մեր նվիրատուները
      • Բարեգործական օրացույց
    • Մեր գործընկերները
    • Մեր կամավորները
  • ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
    • Հաջողության պատմություններ
    • Նորություններ
    • Ընթացիկ բարեգործական միջոցառումներ
    • Մամուլը մեր մասին
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հաշվետվություններ
      • Եռամսյակային
      • Տարեկան
      • Աուդիտորական
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳՅՈՒՄՐԻ
    • Գյումրու մասին
    • Հետաքրքիր պատմություններ տնակներից
    • Գյումրին 1988-ից առաջ
  • ՏՆԱԿՆԵՐ
  • ԿԱՊ

    • ԳԼԽԱՎՈՐ
    • Հետաքրքիր պատմություններ տնակներից
  1. Բուսաբանական այգու տնակային թաղամաս

Ապրեցնող արվեստը

Քվանտային մեխանիկայում մի տեսություն կա, ըստ որի՝ զուգահեռ իրականությունները իրարից առանձնացված են մեկ քվանտային իրադարձության միջոցով։ Շուրջ երեսուն տարի առաջ չար աղետի պատճառով Գյումրին հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում՝ միաժամանակ մնալով ու ապրելով այլ իրականության մեջ՝ բոլորի աչքից հեռու: Անիի ու Կարսի ճարտարապետական ոճով կառուցված այս մշակութային քաղաքում, երկրաշարժից անմիջապես հետո, հայտնվեցին, ինչպես գյումրեցիներն են այն անվանում՝ «դոմիկները», որոնք արդեն վաղուց միաձուլվել են քաղաքին ու Գյումրվան բնորոշ կոլորիտին: «Դոմիկներ», որ Գյումրու երբեմնի աղետի սպիերն ու հազարավորների գողացված մանկությունն են:

207/149 տնակը պատկանում է երեսունիննամյա Զեմֆիրա Ալեքսանյանին, ով 2001թ.-ից երկու որդիների հետ բնակվում է տնակում: Գյումրեցի՝ «ներկայիս փոքր և ապագա մեծ վարպետներ»՝ Մկրտիչի և Վահանի մանկությունը նույնպես անցնում է դոմիկի պատերի ներսում: Տասնհինգամյա Մկրտիչը տնակի բակում իր հերթական կտավին է շունչ տալիս: Ասում է՝ ոգեշնչվում է Շիշկինից ու Այվազովսկուց , հետո ժպտում ու ավելացնում. «Բայց ավելի շատ դասատուիս շնորհքն է. վարպետիցս շատ բան կուգա»: Տասնհինգամյա Մկրտիչը պատմում է, որ նկարչության է հաճախել ութ տարեկանից՝ մոր հորդորով, երբ մայրը նկատել է, թե ինչպես է որդին գրիչով և մատիտով թղթերի վրա նկարում. «Ես առաջարկեցի տղայիս հաճախել նկարչության: Ինքն էլ, որ կսիրեր՝ համաձայնվեց: Սկզբում տարա Մերկուրովի անվան նկարչական դպրոց: Դպրոցն ավարտեց, ընդից հետո տվել եմ մասնավոր, որ չմոռանա էլի՝ ձեռքը հետ չվարժվի», - ասում է տիկին Զեմֆիրան: Մկրտիչը մեզ ցույց է տալիս իր գործերը. թեման ու հերոսները տարբեր են: Ասում է՝ նկարելուց մի բանի մասին է միայն մտածում, որ լավ ստացվի. վարպետը գոհ մնա, ինչը փոքրիկ ստեղծագործողի կարծիքով լավագույն գնահատականն է: Երազում է մեծ նկարիչ դառնալու, անհատական ցուցահանդես ունենալու մասին: Վստահ է՝ մեծ ջանքերի ու ճանապարհի կեսից ետ չկանգնելու դեպքում, մեծ հաջողությունների կարող է հասնել:

Զեմֆիրայի կրտսեր որդին՝ տասներեքամյա Վահանը, նույնպես մշակութային և ազգային ոգով է դաստիարակվում. զբաղված է ազգագրական և ժողովրդական պարերի ուսումնասիրությամբ: Այն հարցին, թե ինչով է ուզում զբաղվել ապագայում, Վահանն արդեն իսկ ունի հստակ պատասխան՝ ազգային պարերով: Տղան նշում է, որ իրեն շատ է հետաքրքրում ազգային մշակույթն ու երազում ազգային պարով մեծ բեմեր գրավելու մասին:

Տիկին Զեմֆիրան նշում է, որ չնայած տնակային ծանր պայմաններին, ջանք ու եռանդ չի խնայում երեխաների ապագայի համար: Երիտասարդ կինը երկու զավակներին միայնակ է մեծացնում: Ասում է՝ ամուսինը սկեսուրի մահից հետո գնաց երկրից՝ աշխատելու նպատակով, սակայն այդպես էլ չվերադարձավ: Այն հարցին, թե ամուսնուց օգնություն ստացել են, պատասխանում է. «Ես ոչ մի օգնություն չեմ ընդունե իրանից, ընձի պետք չէ էտ օգնությունը, ընձի պետք էր, որ ինքն իմ էրեխեքի գլխին էղներ, եթե ինքն իմ էրեխեքի գլխին չէ՝ էտ գրոշներն ընձի պետք չեն»:

Զեմֆիրան պատմում է, որ երեք տարի աշխատել է դպրոցում, այնուհետև, որպեսզի անձամբ խնամի երեխաներին՝ դուրս է եկել աշխատանքից: Սակայն ձեռքերը ծալած չի նստում և օգնության սպասում: «Հիմա առևտրով կզբաղվիմ: Կողքից, ով շոր-մոր ունի կվերցնեմ, մի քիչ ավել գնով կվաճառեմ: Հայաթում էլ կտեսնեք, բերք ու բարիք քիչ թե շատ կա, որ ուզող կէղնի կհավքիմ, կվաճառեմ էտ էլ»:

Ինչպես Գյումրիի շատ ընտանիքներ, այս ընտանիքը ևս այսօր ապրում է տնակային ծանր պայմաններում: Ընտանիքի միակ կայուն եկամտի աղբյուրը երեսուն հազար դրամ նպաստն է: Ինչպես նշում է Զեմֆիրան՝ տնակը վաղուց «շարքից դուրս է եկել»: Ասում է՝ փայտ էին վառում, սակայն հանգչելուց անմիջապես հետո տնակն էլի ցրտում էր: Հետո որոշեց գազով տաքացնել, բայց ինչպես ինքն է ասում՝ «տակից չկարողացավ դուրս գալ»: Պարբերաբար փայտ են օգնություն ստացել, որը մեղմացրել է ձմռան ծախսերը: Սակայն ձմռան գալուն պես, տնակում առնետներ են հայտնվում: «Էս տարի կարծես շուտ են հայտնվել. երեկ նկատեցի, որ կարտոշկան արդեն կերել էին» ,- ասում է տիկին Զեմֆիրան:

Տնակում խնդիրները բազմաթիվ են, սակայն զավակների՝ հույսով և մեծ հավատով ապրելու և ստեղծագործելու ձգտումը, Զեմֆիրային ուժ և հույսի ներշնչանք են տալիս ապագայի հանդեպ: Մկրտիչի ամեն կտավով և Վահանի ամեն մի պարով ոգեշնչվում և հավատում է, որ սոցիալական պայմաններն իրենցից ավելի «ուժեղ» չեն լինի:

Սաթենիկ Սիմոնյան


Արեգակնային համակարգի փոքր երկնային մարմնի անունը կրող Ռեբեկա տատը

«Արդեն երեսուն տարի է՝ մենակ կապրիմ դոմիկում: Երկրաշարժից առաջ բնակարան ունեինք. Շիրակացի հիսուն շենքը կապրեինք»,- պատմում է Ռեբեկա Հովհաննիսյանը: Ասում է՝ աղետից հետո վաճառեց ինչ ուներ-չուներ և այս տնակը գնեց: «Երկրաշարժին շատ հարազատներ կորցրի, բայց ընտանիքս՝ փրկվեց: Ըդոր հըմար Աստծուն ամեն օր փառք կուդամ (խաչակնքում է)»:

Ռեբեկա տատը ծնվել է 1934թ.-ին: Երեք զավակներն էլ վաղուց ամուսնացած են և երեխաներ ունեն, սակայն սոցիալական կարգավիճակի պատճառով չեն կարողանում մեկը մյուսին օգնել . «Էտ մեր բնակարանը, աղետից հետո ուսիլիտ էրին: Տղես ամուսնացավ, գնաց էտ բնակարան: Մէ կերպըմ ուշքի բերին տունը, օր ապրել էղներ : Բայց մինչև օրս դաժե չեն ռեմոնտել, օր կմտնիս էտ տուն՝ պատերը երկրաշարժ կհիշեցնեն»,- պատմում է Ռեբեկա տատը: Մյուս տղան էլ իր պես ապրում է տնակում, ասում է ՝ այսքան տարի անց, նոր-նոր սկսել է տուն կառուցել:

Ռեբեկա Հովհաննիսյանի ամսական եկամուտը 30.000 դրամ թոշակն ու 18.000 դրամ նպաստն է, որը հազիվ բավականացնում է դեղերին: Ձեռքով ցույց է տալիս սեղանին դրված փոքր արկղն ու ասում, որ դեղերով է ապրում:

-Ճնշումս անընդհատ կտատանվի. Էտ ինձ շատ կանհանգստացնե: Դրա հետ մեկտեղ շաքարս էլ կբարձրանա: Հայաթի այգիս էլ, օր կմշակեմ, վրես ալերգիա կուդա, -ասում է ութսունչորսամյա Ռեբեկա տատը, ով իր առօրյան կիսում է այգու հետ: Հետաքրքրվեցինք նրա առօրյայով. ասաց՝ պատմելու շատ բան չունի. ծեր կնոջ առօրյան սահմանափակվում է այգին մշակելով և եկեղեցի գնալով. «Ես, իմ դոմիկը, ծառերս, ծաղիկներս ու եկեղեցիս: Կերթամ եկեղեցի, գուկամ դոմիկ: Իմ տունը եկեղեցին է, էլ ուրիշ տեղ չեմ կրնա էրթալ»:

Տնակային դժվարին պայմաններին անցած ձմռանը դիմակայել է մի խումբ բարի ու սրտացավ երիտասարդների շնորհիվ, ովքեր ծեր կնոջը վառելիք, հագուստ ու սնունդ են տարել: Ասում է՝ ամեն օր աղոթում է նրանց համար, սակայն նեղվում ՝ ոչ ոքի դեմքը չի հիշում. «Մեր երիտասարդներն էլ շատ լավն են, շատ խղճով էրեխեք էին. ինձ պարկերով փայտ բերեցին…Աստվածս լավ մարդ ինձ շատ է տվել…»:

Տնակի պայմաններից նախընտրեց քիչ խոսել, ասաց՝ ինքներդ եք տեսնում: Փոխարենը՝ մեծ հպարտությամբ և սիրով, մեզ ուղեկցեց տնակի բակ՝ այգու բարիքները հյուրասիրելու: Ռեբեկա տատն իր՝ այգի ծաղկեցրած ծեր ձեռքերով, մեզ համար խնձոր քաղեց, ապա ավելացրեց. «Սավոկով հող կբերեի, օր այգի սարքեի: Հիմի կտեսնիք. իմ ծերության հետ՝ այգին երիտասարդացավ…»:

Երեսուն տարի առաջ ընդհատվեցին հազարավոր կյանքեր : Ռեբեկա տատը մեկն է նրանցից, ում կյանքը կիսով չափ ընդհատվեց ներկայի ու երեսուն տարիների արանքում: Նրա «ապրած ու չապրած տարիների» արտացոլանքն այսօր կտեսնեք գողտրիկ տնակի բակում: Արեգակնային համակարգի փոքր երկնային մարմնի անունը կրող մեր հերոսի՝ Ռեբեկայի՝ սեփական ձեռքերով ծաղկեցրած այգին, ջերմ է ու գեղեցիկ, ինչպես իր անունը, պարզ ու հյուրընկալ, ինչպես հենց ինքը, ինչպես իր՝ արևածաղիկների ու խնձորենիների մեջ տեղակայված համեստ տնակը:

Սաթենիկ Սիմոնյան

Ութսունամյա Գառնուկ պապի պատմությունը

Ութսունամյա Գառնուկ Խաչատրյանն արդեն տասնութ տարի է ապրում է 207/023 տնակում: Սակայն այս տարվանից ստիպված է տնակում միայնակ ապրել. մեր՝ իր տնակ այցից երեք ամիս առաջ, մահացել էր իր երկրոդ կինը: Գառնուկ պապը պատմում է, որ տարիներ առաջ պետական շենքում բնակարան են ստացել, սակայն բնակարանը հանձնել է իր երեխաներին ու կնոջ հետ տեղափոխվել տնակ: Գառնուկ Խաչատրյանը կորցրեց առաջին կնոջը երկրաշարժի ժամանակ: Ասում է՝ կինն աշխատում էր մանկապարտեզում: Երեխաներին շենքից դուրս հանեց, բայց ինքը չհացրեց փրկվել: Երկրաշարժից հետո սկսվեց նրանց կյանքի ամենադժվար շրջանը, երբ անհրաժեշտ էր ոտքի կանգնել և շարունակել ապրել : Հետո ամուսնացավ երկրորդ անգամ:

Ասում է՝ երկրորդ կինն ի վիճակի չէր աշխատել, փոխարենն ինքը երկար տարիների աշխատանքային փորձ ունի. « Քառասուն տարի Չուլոշնին եմ աշխատել. սանտեխնիկ էի: Լավ էր էլի, «ձեռով-ոտով էի»…հիմի ծերացած՝ հեչ բան չես կրնա էնես»,- ասում է Գառնուկ պապն ու ավելացնում, որ ապրում է քառասունմեկ հազար թոշակով և տասնութ հազար նպաստով:

Ինչպես Գյումրու մնացաց տնակները, այս տնակը ևս գտնվում է ծայրահեղ վիճակում: Գառնուկ Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետրանից վառելափայտ են ստացել, այս տարի ևս դիմում է ներկայացրել վառելիք ստանալու համար: Ասում է՝ տնակային պայմաններում անհնար է առողջ մնալ.տարեց տարի նոր հիվանդություններ են ի հայտ գալիս, այժմ էլ մենակ է մնացել.ստիպված է ինքուրույն խնամել իրեն, սակայն ժպտում է. «Կտեսնիք, կինս կամպոտները փակել է, ըդպես էլ մնացել են ընձի»: Կնոջ մահից հետո, կենցաղային խնդիրներով ինքն է զբաղվում: Ասում է՝ առավոտյան արթնանում է և առաջին հերթին տնակը ավլում, հետո անցնում մնացած գործերին:

«Կինս քանի սաղ էր հեչ բան չէր էրևա, էսօր մուկ եմ նկատել: Անկնիկ մարդն ինչքան հավաքի, օր ակուռատնի էղնի…չիդեմ(ուսերն է թափ տալիս)…, մենակով յոլլա կէրթամ էլի, գիշեր-ցերեկ մենակս»,- ասում է ու ավելացնում, որ մենակությունը փարատում է գրքերով. ամեն օր մի բան է կարդում, որ օրն ինչ-որ բանով լցնի: Խարխուլ տնակի բակում Գառնուկ պապն ու իր կինը փոքրիկ այգի են ստեղծել : Ցույց է տալիս ծառերն ու պատմում, որ կինը մանրակրկիտ մշակում էր այգին, բերք հավաքում, որ ձմռանը մուրաբաներ պատրաստեր:

Սաթենիկ Սիմոնյան

Լուսավոր տնակը

207/112 տնակում մեզ դիմավորում է տանտիկինը` 42-ամյա Նարինե Մարտիրոսյանը: Արդեն 12 տարի է, ինչ այս տնակը վեց անձից բաղկացած ընտանիքի տանիքն է դարձել: Նարինեն պատմում է. «Երբ գնեցինք, տնակն շատ վատ վիճակում էր` մռայլ ու գորշ, պատերը` կիսաքանդ: Մեր ձեռքերով փորձել ենք քիչ թե շատ նորմալ պայմաններ ստեղծել: Ամուսինս շինարար է, քիչ-քիչ կարգի բերեց տնակը: Նա, ով այն վաճառել էր մեզ, զարմացել էր, թե ինչպես ենք այն փոխել, բարեկարգել»:

Առաջին իսկ հայացքից երևում է սրտացավ տանտիրուհու խնամքը և հոգատարությունն արդեն երկար տարիներ իր ընտանիքի ապաստանը դարձած տնակի հանդեպ. «Շատ կուզենայինք նորմալ տան մեջ ապրել, բայց քանի որ սա է մեր ունեցածը, մեր հնարավորությունների ներածին չափով փորձում ենք հարմարություններ ստեղծել… Թող ներս մտնողը չմտածի, որ եթե տնակ է մտնում, ապա անպայման պիտի անմխիթար պայմաններ տեսնի»:

Նարինեն պատմում է` ամուսնու ընտանիքը ևս ապրում է տնակում, իսկ այն բնակարանը, որն իր մայրն էր ձեռք բերել բնակարանի գնման վկայագրով, վաճառել են ու այդ գումարից էլ գնել են նաև այս տնակը:

Ընտանիքի հայրն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Չորս դուստր մեծացնող մայր չի սրտնեղում դժվարություններից. «Ամուսինս կլոր տարի աշխատում է,- ասում է Նարինեն,- ինչ անենք, չորս զավակներիս պիտի իրենց նպատակներին հասցնենք»:

Տնակի կենցաղային պայմաններից տանտիկինը դժգոհել չի ցանկանում, իսկ խնդիրների մասին կատակով է խոսում. «Երեկ դուստրս գնաց սառնարանից մթերք հանելու, ոտքերի մոտ մի մուկ վազեց: Խուճապի մեջ սկսեց ձեռքի տակ ընկածը մկան ուղղությամբ շպրտել»:

Բնակարան ունենալը երազանք է ընտանիքի հատկապես կրտսեր անդամների համար. «Ավագ դուստրս Մուշ թաղամասում է ապրում: Երբ հյուր ենք գնում, երեխաներն իջնում են բակ, խաղում, ասում են` չենք ուզում վերադառնալ»:

Հեռանում ենք տնակից` մեզ հետ տանելով մի փոքրիկ մասնիկ այն ջերմությունից, լույսից ու լավտեսությունից, որ տիրում է այս ընտանիքում` նրանց հետ միասին հուսալով, որ հաջորդ անգամ կհանդիպենք ու կզրուցենք նրանց պատկանող լուսավոր և հարմարավետ բնակարանում:

Անուշ Հարությունյան

Մարդ է՞լ արևի ջերմությանը կարոտ մնա

«Ես գործով գնացել էի Երևան, երբ տուն եկա, երեխաներս նստած լացում էին. ամբողջ տունը ջուր էր: Ու ոչ թե սովորական կաթոցներ էին, այլ շիթերով անձրևաջուրը ներս էր լցվում»,- պատմում է Նարինե Ավետիսյանը: Ասում է՝ անկողինը հավաքում, այստեղից այնտեղ են տանում, որպեսզի անձրևաջրերը չլցվեն վրան:

207/173 անմխիթար վիճակում գտնվող տնակն արդեն մի քանի օր է մնացել է առանց տերերի: Վերջերս տեղացող հորդառատ անձրևներն ու կարկուտը վերջնականապես կոտրեցին ընտանիքի՝ երեսուն տարվա համբերության լռությունը: Նարինե Ավետիսյանը երկու աղջիկների և թոռան հետ ստիպված տեղափոխվեցին վարձով բնակարան: Ասում է՝ բնակարանն այնքան փոքր է, որ դժվարանում են նույնիսկ քնել. « Կտեսնիք, ոչ մի բան գրեթե չենք տարել տնակից: Մենակ կարողացանք բազմոցը տանել, որ գոնե մի քիչ տեղ ունենանք քնելու համար: Փոքր աղջիկս գիշերն ընկել՝ քնելու տեղ էր ման գալիս, որ գոնե մի տեղ հարմարվեր աչք կպցներ»,- ասում է տիկին Նարինեն ու ձեռքով ցույց տալիս տնակում թողած կահույքը, անկողինն ու դաշնամուրը, որ արդեն վաղուց անձրևից փչացել են:

Տիկին Նարինեն ասում է, որ եթե ամուսինը կենդանի լիներ, այսքան դժվարություն չէին հաղթահարի: 1989թ.-ի դեկտեմբերի 30-ին ընտանիքը տեղափոխվեց տնակ: Պատմում է, որ ամուսինը սեփական ձեռքերով ամեն ինչ կառուցեց, սակայն տնակի տեղակայված վայրը ընտանիքի համար չարիքի վերածվեց: « Տնակի հիմքը բավականին ամուր է, բայց քանի որ տեղակայված է ծառաշատ վայրում, հատակից ծառեր են աճում: Բաղնիքում սնկեր ու ծառեր են աճել, չեք պատկերցանի, թե ինչքան եմ արմատախիլ արել, բայց արմատ է քցել ու անձրևներից ամեն անգամ աճում են»,- ասում է տիկին Նարինեն ու ավելացնում, որ եթե ներկա պահին տնակում ապրեին, արդեն պետք է ջեռուցեին տնակը: Նախընտրեցին տեղափոխվել վարձով բնակարան, քանի որ մնալու պարագայում ջեռուցման համար կվճարեին ավելի շատ, քան բնակարանի վարձի:

«Երեսուն տարի համբերել ենք, ամեն տեսակ դժվարություն տարել ենք, ոչ ոքից օգնություն չենք խնդրել, չենք էլ ակնկալել…երևի մեր բնույթն է էդպիսին…, բայց էլ նույն կերպ շարունակել չենք կարող: Մարդ է՞լ արևի ջերմությանը կարոտ մնա…չգիտեմ ոնցա լինելու»,- նեղսրտում է տիկին Նարինեն, հետո դանդաղ քալյում ննջարան հիշեցնող ինչ որ սենյակ՝ տեսնելու, թե առնետները չեն փչացրել անկողինը:

Այս տնակը մեկն է անմարդկային պայմաններ ունեցող այն բազմաթիվ տնակներից, որոնք այսօր՝ երեսուն տարիների պատմությամբ, շարունակում են գոյատևել և պայքարել հանուն բարեկեցիկ ապագայի:

Սաթենիկ Սիմոնյան

Քսանհինգ տարի նույն հույսով

Կարինե Գալոյանը գյումրեցի չէ, սակայն ինչպես ինքն է նշում՝ աղետալի երկրաշարժը իր հետագա կյանքի վրա ևս անջնջելի հետք թողեց: 207/344 տնակի տիրուհին քսան տարեկան էր, երբ Էջմիածնից հարս եկավ Գյումրի: Ամուսնությունից անցել է քսանհինգ տարի, սակայն Կարինեն դեռ շարունակում է ապրել այդ նույն տնակում, որտեղ առաջին անգամ ոտք դրեց: 2006թ.-ին հանկարծամահ եղավ Կարինեի ամուսինը՝ Ալեքսանդր Գալոյանը, որից հետո ընտանիքի՝ առանց այդ էլ ծանր կեցությունը, էլ ավելի վատացավ: Երիտասարդ կինն ասում է, որ չնայած երեխաներին միայնակ մեծացնելու դժվարությանը, հենց երեխաներն են, որ իրեն չհանձնվելու և պայքարելու ուժ են տվել: Կարինեն պատմում է, որ ամուսինն ու սկեսուրը բնակվել են չորս սենյականոց բնակարանում: Ցավոք, երկրաշարժից հասցրել է փրկվել միայն ամուսինը, ում կյանքը ևս կարճ տևեց:

« Բնակարանը, որտեղ ամուսինս ու մայրն ապրել են, նոր էին ձեռք բերել, երբ երկրաշարժը եղավ: Քանի որ չեն հասցրել գրանցման հարցերով զբաղվել, փաստացի չենք կարողացել ապացուցել, որ երկրաշարժից բնակարան ենք կորցրել: Ըստ այդմ պետությունից բնակարան ստանալու որևէ ակնկալիք չենք էլ ունեցել »,-ասում է Կարինե Գալոյանը:

Կարինեն մասնագիտությամբ տնտեսագետ է: Նոր էր ավարտել, երբ ամուսնացավ, սակայն աշխատել սկսեց ամուսնու մահվանից հետո միայն: Պատմում է, որ ամուսինը սպորտդպրոցի տնօրեն է եղել, սակայն իրեն չի թողել աշխատել: Աղջինկերի ուսման վարձերը հոգալու համար աշխատել է տարբեր խանութներում՝ որպես վաճառողուհի: Այժմ սակայն, ոչ ինքն աշխատանք ունի, ոչ էլ աղջիկները: Կարինեի մեծ աղջիկը՝ Մանիկը, մասնագիտությամբ դեղագետ է, Աիդան էլ ավարտել է Գյումրու մանկավարժական համալսարանի կիրառական արվեստի բաժինը: Մանիկն ասում է, որ տարբեր վայրերում է աշխատել, սակայն ոչ ստաբիլ աշխատավարձի պատճառով դուրս է եկել աշխատանքից: Հիմա մի նպատակ ունի. աշխատել իր մասնագիտությամբ:

Երբ հետաքրքրվեցինք տնակային պայմաններից, Կարինեն նշեց, որ խնդիրները բազմաթիվ են ու անտանելի. «Սկսած կրծող կենդանիներից էստեղ ամեն ինչ կա: Նույնիսկ տնակի վերևից են կրծում ու տուն մտնում: Մթերք ենք գնում, չգիտենք ուր դնենք, որ չվնասեն: Պատերը միշտ խոնավ են ու կապ չունի տարվա որ եղանակն է: Էսպես կարող եմ հսկայական շարք թվարկել, բայց արդեն հոգնել ենք նույն խնդիրների հետ ամեն օր առնչվելուց»,- ասում է Կարինե Գալոյանը:

Բնակարանի ակնկալիքով դիմում են ներկայացնել թե՛ քաղաքապետարան, թե՛տարբեր կազմակերպություններ, սակայն միշտ մերժվել են: Ընտանիքը բազմաթիվ դժվար օրեր է ունեցել, որոնք հաղթահարել են մեկը մյուսին սատար կանգնելով և ապագայի հանդեպ լավատեսությամբ. « Ինչ որ հույսով ենք ապրում, որ շուտով մենք էլ տնակից դուրս կգանք, բայց թե ու՞մ վրա ենք հույսներս դրել, մենք էլ արդեն չգիտենք: Ի վերջո քսանհինգ տարի նույն հույսով ու մի նպատակով ապրելուց էլ ես հոգնում…»:

Սաթենիկ Սիմոնյան

207/167 տնակում «ծնվում» է «Մանոյի» բրենդը

Խաչատրյան Իրինան ամուսնու և հինգ զավակների հետ բնակվում է Գյումրու 207/167 տնակում: Երկրաշարժի ժամանակ ամուսնու ընտանիքը պայմանականորեն «կորցրեց» բնակարանը. շենքը ամբողջովին չէր փլվել, բնակարանն էլ բարվոք վիճակում էր գտնվում, սակայն հետագա վտանգից խուսաբելու համար ընտանիքը տեղափոխվեց տնակ: Տարիներ անց, ստիպված էին այդ բնակարանը վաճառել. « Սկեսուրս ինսուլտ տարավ, մենք էլ ստիպված էինք բնակարանը վաճառել, որպեսզի հիվանդության ծախսերը հոգայինք»,- պատմում է տիկին Իրինան:

Բազմանդամ ընտանիքն իր սեփական ուժերով ու ջանքերով «կառուցեց» տնակը, որտեղ երեսուն տարի շարունակ բնակվում են: Ընտանիքի համար տնակում ապրելը միշտ էլ դժվար է եղել, սակայն իր և ամուսնու արդար աշխատանքի շնորհիվ, փորձել են տնակային ծանր ու դժվար պայմանները հաղթահարել՝ միմյանց օգնելով և լավատեսությամբ: Մասնագիտությամբ բուժքույր Իրինա Խաչատրյանն ասում է, որ տասնըմեկ տարվա աշխատանքային ստաժ ունի, սակայն այժմ մասնագիտությամբ չի աշխատում: «Ամուսինս արհեստավոր մարդ է. գրանիտի, մարմարի, քարի գործ էնող է: Ներկա պահին էլ աշխատանք ունի»,- ասում է տիկին Իրինան:

Ամուսինները հինգ զավակ են լույս աշխարհ բերել. Շուշանը, Էսթերը, Նոյեմին, Արամն ու Երեմը ընտանիքի հինգ լուսավոր կետերն են: Շուշանն ու Էսթերը՝ ընտանիքի չափահաս զավակները, պարզվում է, տաղանդավոր մոդելավորողներ են: Կապուտաչյա գեղեցկուհիները աշխատում են իրենց առաջին հարսանյաց զգեստի վրա: Շուշանն ասում է, որ չորս տարի աշխատել է այդ ասպարեզում, այժմ սակայն փորձում է ինքնուրույն ինչ-որ բանի հասնել. « Շատ կցանկանայի այլ տուն ունենայինք: Իմ առանձին սենյակն եմ ուզում, որը կարող եմ ատելյե դարձնել ու էնտեղ հանգիստ ստեղծագործել»,- անկեղծանում է Շուշանը: Աղջիկները մեզ իրենց առաջին ձևաևորած հարսանյաց գեղեցիկ ու եթերային զգեստն են ցույց տալիս ու պատմում՝ սեփական բրենդ ունենալու և արդեն իսկ որոշված անվան մասին: «Մանոյի». այսպես է կոչվում բրենդը, որն աղջիկները երազում են ունենալ: Շուշանը պատմում է, որ սերը նկարչության և կար ու ձևի հանդեպ ժառանգել են տատիկից: Ասում է՝ Մարիամ տատիկին բոլոր մտերիմները Մանո էին անվանում, և քանի որ իրենք Մանոյի թոռներն են, որոշեցին ապագա բրենդը կոչել «Մանոյի»: Տատիկից ոգեշնչված՝ կշարունակեն ստեղծագործել, մինչև որ մեծ հաջողություն գրանցեն: Իրինան էլ ջանք ու եռանդ չի խնայի մյուս զավակների՝ ուսման համար հոգալու համար: Ասում է ՝ բոլորը սովորող ու կրթվել սիրող երեխաներ են, սոցիալական պայմաններն էլ խոչընդոտ չպետք է լինեն, երեխաներին կրթությունից hետ պահելու համար:

Սաթենիկ Սիմոնյան

Մեր երազանքն է մարդավայել բնակարան ունենալ

2003թ.-ին Մանուկյանների ընտանիքը Աշոցք գյուղից տեղափոխվեց Գյումրի: Մինչև 2008թ.-ը ապրում էին Գյումրիում շատ հայտնի՝ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում գտնվող տնակներից մեկում:Այժմ բնակվում են Գյումրիի 207/338Ա տնակում: « Ըսիգ աներձագս մեզի համար բերեց. ինքը օգնեց էստեղ տեղափոխվեցինք: Ապրանք կար մեջը, մենք էլ մի քանի բան ավելացրինք, մե կերպմ հարմարվեցինք» ,- ասում է հիսունամյա Մանուկյան Հովհաննեսը: Մանուկյանները տնակում բնակվում են յոթ հոգով, սակայն նրանցից և ոչ ոք չի աշխատում: Ընտանիքի հայրը՝ Հովհաննեսը, պատմում է, որ մի ժամանակ երկրից դուրս գնաց՝ աշխատելու նպատակով, սակայն առողջական խնդիրների պատճառով վերադարձավ և այլևս չի կարողանում աշխատանք գտնել: Ընտանիքն այժմ ապրում է Հովհաննեսի մոր՝ Մանուկյան Ասյայի 38.000 դրամ թոշակով:

Տնակի պատերի մի մասը արդեն երկար ժամանակ է ինչ փլվել և շարունակում են փլվել՝ եղանակային վատ պայմաններից: Հովհաննեսն ասում է, որ փորձել են հնարավորինս վերանորոգել տնակը, սակայն՝ ապարդյուն: Տարեց տարի տնակի պայմաններն էլ ավելի են վատթարանում, ապրելն էլ կրկնակի բարդանում է: Ընտանիքի՝ պետության կողմից միակ օգնությունը եղել է Գյումրու քաղաքապետարանի կողմից՝ ձմռան ամիսներին փայտ ստանալը:

« Տնակում մենակ ջուր ունինք, գազն էլ բալոնով կօգտագործենք: Հա, օր ձեռս փող կընկնի, կաշխատինք մի բան էնել, օր տնակը կարգի բերենք, բայց դե տնակը մնում է տնակ…էնես-չէնես մի հաշիվ է» ,- ասում է Հովհաննեսն ու ավելացնում, որ ընտանիքի բոլոր անդամների երազանքը մեկն է՝ մարդավայել բնակարան ունենալը:

Սաթենիկ Սիմոնյան

Տարիների անդադար աշխատանք՝ տնակը վերանորոգելու համար

1988թ.-ի երկրաշարժից անմիջապես հետո Անահիտ Մնացականյանի ընտանիքը ապաստան գտավ Գյումրու 207/343 տնակում: Ասում է՝ վեց մետրանոց թիթեղյա տնակ էր՝ փտած հատակով ու պատերով, որը տարիների ընթացքում՝ ամուսնու աշխատանքի շնորհիվ, դարձավ քարապատ ու համեմատաբար կայուն տուն: Նախքան երկրաշարժը, չորս անձից բաղկացած ընտանիքը ապրում էր Շիրակացի 10Ա հասցեում գտնվող երեք սենյականոց բնակարանում, այժմ սակայն, այդ հասցեում տեղակայված է ռեստորանային համալիր:

Տիկին Անահիտը, ով նախկին ուսուցչուհի է, պատմում է, որ տնակը վերանորոգելն իրենցից ահռելի ջանքեր և տարիների անդադար աշխատանք պահանջեց: Ասում է՝ թեպետ ամեն կերպ հարմարվել են տնակում ապրելուն, սակայն տուն ունենալու երազանքից դեռ չեն հրաժարվում: « Էս վերևում, երկրաշարժից հետո, սեփական տուն սարքեցին, պատը լրիվ ճեղքվել ու փլվում է ուղիղ մեր տան վրա: Մեկ անգամ նման դեպք եղավ. պատը փլվեց հենց մեր տան վրա: Իրենք փորձեցին սարքել, բայց նորից ճեղք է տվել ու նույն վտանգն է սպառնում»,- ասում է Անահիտ Մնացականյանը: Ընտանիքը պետությունից ոչ մի օգնություն չի ստացել: Տիկին Անահիտը նույնիսկ հիշեց, որ քաղաքապետարանում իրենց մերժել էին վառելափայտ տրամադրել՝ պատճառաբանելով, թե ապրում են քարապատ տնակում: Ասում է՝ հետո իմացան, որ քարապատ էլի տնակներ կային, որոնք վառելափայտ էին ստացել: «Կողքից իմացանք նման դեպքեր են եղել, նորից դիմեցինք, բայց էս անգամ չմերժեցին՝ 20000 դրամ գումար հատկացրին»:

2014թ.-ին ընտանիքը ԲԳՎ ծրագրի շրջանակում մոտ 15.000 դոլլարի վկայագիր ստացավ, սակայն վեց ամսվա ժամկետում չկարողացան բնակարան գնել. « Այդ ժամանակ մենք միայն կարող էինք Մուշ թաղամասում բնակարան գնել, բայց էտ թաղամասի տները չէինք կարող սեփականացնել: Ավել գումարի հնարավորություն էլ չունեինք, որ գոնե ավելացնեինք ու մեր ուզած տունը գնեինք»,- պատմում է տիկին Անահիտը:

Հիշեցնենք, որ ԲԳՎ ծրագրի շրջանակում պայմանագիր կնքած շահառուին երկու ամիս ժամանակ է տրվում փաստաթղթային հարցերի կարգավորման և վեց ամիս՝ բնակարան գտնելու համար:

Սաթենիկ Սիմոնյան

«Չիդեմ ինչխ կեղնի, հույսներս Աստծուն քցած կապրինք...»

Գյումրու՝ 207 տարածքի 111 համարի կապույտ՝ պոլիէթիլենային տոպրակներով ծածկված պատուհաններով տնակում, ապրում է հիսունյոթամյա Նելլի Մարտիրոսյանը: Մեր՝ տնակ այցելության ժամանակ, տիկին Նելլին պառկած էր անկողնում: Պարզվեց՝ երիտասարդ կնոջ խնդիրները չեն սահմանափակվում սոցիալականով. արդեն հինգ տարի է՝ տառապում է ողնաշարի ճողվացքով: Ասում է՝ նախքան այս հիվանդությունը, ինչն իրեն ստիպեց անկողնում գամված լինել, առողջական այլ խնդիրներ ևս ուներ, սակայն տնակ տեղափոխվելիս՝ ծանր իրեր բարձրացնելու ժամանակ, ողնաշարի խնդրի առաջ կանգնեց:

« Արդեն հինգը տարի է կբուժվիմ: Սկզբում շատ վատ էի, երկու անգամ Գյումրի կենտրոնում պառկա՝ օգուտ շատ չտվեց: Հետո ուրիշ բժշկի մոտ կբուժվեի. ոչինչ, ինձ լավ կզգայի, բայց դե կենցաղը չի թողնի հանգիստ տեղդ նստիս. գործ էրեցի ու կտեսնիք հիմա ինչխ է վիճակս… » ,- ասում է տիկին Նելլին:

Նախքան տնակում բնակվելը, Նելլին ու իր տղան ապրել են իր ծնողների տան բակում գտնվող առանձին տանը: Սակայն ընտանեկան ինչ-ինչ խնդիրների պատճառով՝ ստիպված են եղել վարձով ապրել. «Հանգամանքներն էնպես ստացվեցին, որ ստիպված ես ու տղաս տեղափոխվեցինք վարձով բնակարան: Էրեխես կաշխատեր, ընձի էլ տիրություն կեներ: Բայց տան տերը մի օր էկավ, ասեց, որ տունն ազատենք»,- պատմում է տիկին Նելլին:

Այժմ, սակայն, երիտասարդ կինը տնակում մենակ է ապրում: Ամուսնությունից հետո, տղան տեղափոխվեց մեկ այլ տնակում ապրելու: Որոշ ժամանակ անց, երբ կինը երեխայի էր սպասում՝ Ռոզա Ծառուկյանը ընտանիքին բնակարան նվիրեց: Սակայն Նելլին շարունակում է տնակում ապրել: Տնակային պայմաններն այնքան ծանր են, որ կինը նախընտրեց ոչինչ չպատմել: Ասաց՝ կարող ենք շրջել ինքներս տեսնել սարսափելի կենցաղը, որի մեջ ինքն ապրում է:

«Չիդեմ ինչխ կեղնի, հույսներս Աստծուն քցած կապրինք: Հույս ունեմ , որ էսքան տարի հետո մի դուռ կբացվի»,- տնակի պատերին նայելով ասաց Նելլին:

Սաթենիկ Սիմոնյան

Մեր կյանքն անցավ անասուն պահելով

Քառասունիննամյա Փառանձեմ Մինասյանը, ով ծանոթների շրջանում հայտնի է Նունե անունով, ամուսնու՝ հիսուներեքամյա Գրիգորի հետ ապրում էր 157/060 տնակում: Տնակը պատկանել է Գրիգորի մորը, որը ձեռք են բերել երկրաշարժից հետո: Փառանձեմն ասում է՝ տնակի հետ կապված նախկին մանրամասներ շատ չգիտի, քանի որ երկու տարի է ինչ ամուսնացած է Գրիգորի հետ:Միայն նշեց, որ ամուսնու ընտանիքը երկրաշարժի ժամանակ երեք սենյականոց բնակարան է կորցրել: Տնակը, որտեղ ժամանակին ապրում էին ամուսինները, զուրկ է ցանկացած տիպի մարդկային ապրելակերպի պայմաններից: Ամուսինները զբաղվում են անասնապահությամբ: Փառանձեմի խոսքերով՝ ամուսինը տնակի տարածքում անասնապահությամբ էր զբաղվում, ինչը խնդիրների տեղիք տվեց: Իրենք էլ, ստիպված էին հեռանալ տնակից՝ անասնապահության համար ավելի հարմար տարածք գտնելու համար: «Որ կովերին արածացնելը խնդիր կառաջացներ, ստիպված հելանք էտ դոմիկից: Էս մեր կողքի գյուղերը կերթայինք, որ անասուններին գոնե արածացնեինք: Անասուն պահելով մեր կյանքը անցավ» ,- պատմում է Փառանձեմ Մինասյանը:

Փառանձեմն ու Գրիգորը այժմ ժամանակավոր կացարան են գտել Խրիմյան Հայրիկ 5/4 հասցեում: Ամուսիններն ապրում են գոմին կից փոքրիկ սենյակում, որտեղ չկան ոչ մի կոմունալ պայմաններ:

« Մենք հիմի վերին աստիճանի վատ պայմաններում կապրինք: Ուղղակի էս գոմը, որ կար, հարմար է մեր կովերին պահելու համար, ստիպված կհամակերպվինք» ,- ասում է Փառանձեմն ու ավելացնում, որ եթե տանիք ունենա, իրենց՝ անասնապահության շնորհիվ, տնտեսություն կստեղծեն ու բարեկեցիկ կյանք կունենան. « Մենք հիմի չորս սեփական անասուն ունինք՝ երկու կթու կով ու երկու հորթ: Կուզենք գյուղում կամ թեկուզ քաղաքի ծայրամասում տուն էղնի ու գոմ, որ կրնանանք մեր կովերին պահելով ապրինք»:

Սաթենիկ Սիմոնյան

Ընտանեկան սերն ու ծանր կենցաղը

Քսանյոթամյա երիտասարդ կին ու արդեն երկու երեխաների մայր՝ Նաիրան, ապագայում միգուցե նվաճեր մեծ բեմեր, սակայն սերը ավելի զորեղ գտնվեց. թողեց երբեմնի հետաքրքրություններն ու երազանքները, ու շարժվեց սրտի թելադրանքով: Նաիրան, ով ժամանակին երաժշտությամբ էր զբաղվում, այժմ ստիպված է ապրել ծանր կենցաղային պայմաններում: Ասում է՝ նախքան ամուսնանալը գիտեր, որ տնակում են ապրելու և թե ինչ դժվարությունների առաջ է կանգնելու, սակայն ինչպես ինքն է ասում «սերն ավելի էի կարևորում՝ մնացած երևույթներին ուշադրություն չէի դարձնում»:

207/045 տնակն է: Մեկ սենյականոց նեղ ու փոքրիկ տնակում շարժվելու տեղ գրեթե չկա. բոլոր իրերը տեղակայված են մի քանի մետրանոց փոքր տնակում, որը երկար տարիներ է ընտանիքի համար ծառայում է և՛ ննջարան , և՛ հյուրասենյակ, և՛ խոհանոց: Նաիրայի ամուսինը՝ Վահեն, ով ի դեպ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերել, այժմ գտնվում է ՌԴ-ում՝ աշխատելու նպատակով. «Երբ ամուսնացանք, տեղափոխվեցինք վարձով բնակարան: Վահեն ծառայության ընթացքում կանտուզիա է ստացել ու իրա թոշակով հազիվ մի կերպմ կապրեինք: Բայց, որ տեսանք էլ չենք կարողանում վարձը տալ, ստիպված էկանք տնակ»,- ասում է Նաիրան: Երիտասարդ կինը տնակում այժմ բնակվում է սկեսուրի և երկու զավակների հետ: Ասում է, քանի որ տնակում քնելու տեղ նույնիսկ չկա, ամուսնու՝ երկրից գնալու ժամանակ, սկեսուրը գալիս է իրենց հետ ապրելու, որպեսզի մենակ չմնան:

Նաիրայի սկեսուրը՝ տիկին Մանուշակը, պատմում է ,որ երկրաշարժին իրենց բնակավայրի տարածքում միայն իրենց տունը փլվեց ու երեսուն տարի ստիպված են ապրել տնակում: Ասում է՝ երկար տարիներ տարբեր վարձով տնակներում է ապրել՝ ամեն տարի մտածելով, որ պետությունը ի վերջո տուն կհատկացնի, սակայն՝ ապարդյուն: «Հա քցում-բռնում էինք, որ հեսա տուն կտան, բայց էտ սպասումնա , որ հլը ունինք: Մինչև հիմա դոմիկում ջուր չկա. տուալետ ու բաղնիքը մի կերպմ հարմարացրել ենք դրսում, բայց ձմեռը ահավոր է: Կենցաղով կաշխատինք շատ չապրել, առանց էտ էլ ահավոր է…հարևաններով կապրինք (ժպտում է) »,- ասում է տիկին Մանուշակը:

Ընտանիքի ջերմությունն ու ապագայի հանդեպ հույսը ամփոփված են Նարեկի և Մանեի աչքերում: Նաիրան ասում է, որ երեխաներն են ուժ ու ջերմություն տալիս՝ չհուսահատվելու և ապագան ավելի պայծառ տեսնելու համար. «Հիմա առաջին հերթին միայն կմտածեմ, որ էրեխեքս նորմալ տանիք ունենան: Էս դոմիկի ներսում նորմալ մանկություն չեն տեսնում: Օրերն էլ, որ կցրտեն, ստիպված էրեխեքիս տանում եմ մերոնց տուն, որ գոնե լողանան, թե չէ էս պայմաններում անհնար է ջրի հարց լուծել»,- սրտնեղում է Նաիրան:

Երկու երեխաներն էլ մանկապարտեզ են հաճախում: Նաիրան նշեց, որ մանկապարտեզի վճարի կեսը հոգում է Գյումրու քաղաքապետարանը, ինչի համար շատ շնորհակալ է: Ընտանիքը բազմաթիվ դիմումներ է ներկայացրել թե՛ քաղաքապետարան, թե՛ մարզպետարան բնակարանի փոխհատուցման նպատակով, սակայն ոչ մի պատասխան դեռևս չեն ստացել:

Սաթենիկ Սիմոնյան

Տնակը մնում է տնակ

2004թ.-ից Վարդիկյանների չորս հոգանոց ընտանիքը ապրում է Գյումրու 207/115 տնակում: Ընտանիքը երկրաշարժին կորցրեց երկու սենյականոց բնակարան, որից հետո բնակություն հաստատեց Տարտու փողոցի դիմաց գտնվող Կռունկների շենքում: Երեսունվեցամյա Թամարա Վարդիկյանը պատմում է, որ որոշ ժամանակ անց, պետությունից մոտ երեք հազար դոլլարի ԲԳՎ ստացան :

«Էտ ժամանակ Բուլվարնի թաղամասում տուն առանք, բայց հեչ չեմ էլ ապրե, որովհետև ահավոր պայմաններով բնակարան էր ու շատ փոշմանեցի, որ էտտեղ առանք: Չնայած գումարն էր քիչ. ուրիշ թաղամասում առնելու տարբերակ չունեինք…դեռ մի բան էլ մենք պարտքով՝ ստեղից-էնտեղից գումար ճարեցինք, որ հերիքեր առնեինք բնակարանը»,- վերհիշում է Թամարայի մայրը՝ տիկին Զարուհին ու ավելացնում, որ միայն երկու տարի անց կարողացան վաճառել բնակարանն ու տեղափոխվել տնակ: Ասում է՝ չորս հարկանի շենք էր, որտեղ գրեթե մարդ չէր ապրում: Իրենց հարկի միակ բնակիչն իրենք էին. «Որ տեղափոխվեցինք, գնացինք ջուրը միացնեինք. տնով մեկ ջուր լցվեց: Փաստորեն խողովակները կտրել էին: Կանալիզացիան մեր տան մեջ էր ամբողջությամբ: Ըտպես հեչ ապրել չկարողացանք: Ստիպված ծախեցինք ու էս դոմիկ տեղափոխվանք»,- պատմում է տիկին Զարուհին:

Ընտանիքն ամեն կերպ փորձել է բարելավվել տնակային պայմաններն ու առօրյան ավելի հեշտացնել, սակայն ինչպես Թամարան է նշում «տնակը մնում է տնակ»: Ասում է՝ հոգնել են անընդհատ այս ու այն կողմ տեղափոխվելուց ու ամեն անգամ հիասթափվելուց: Ամեն օր արթնանում են սեփական տան երազանքով: Տիկին Զարուհին ասում է՝ երկար են ապրել տնակում, գրեթե համակերպվել և նույնիսկ հարմարվել է այդ պայմաններին:

Վարդիկյանների ընտանիքի եկամտի միակ աղբյուրը նպաստն ու ընտանիքի հոր՝ Մամիկոն Վարդիկյանի թոշակն է:

Սաթենիկ Սիմոնյան

«Մենք քու հողդ առել ենք, ելեք ըստեղից»

Յոթանասունյոթամյա Լիդա Ստեփանյանը պատմում է, որ քսնավեց տարի ապրում էին 207/096 տնակում. «Քսանվեց տարի ապրել ենք 207/096 դոմիկում: Գազի զապռավկեն սարքելուց, էկան մեզի զոռով հանեցին էտ տարածքից. մենք էլ էս դոմիկն առանք՝ ստեղ ապրեցինք»,- պատմում է Լիդա տատը: Ասում է՝ հիմա սրտի մեծ ցավով է հիշում այդ օրը, երբ հինգ րոպեում իրենց ձեռքից տարան ամեն ինչ. «Հայաթում ծառեր ունեինք. բոստան կմշակեի՝ մե կերպմ կապրեինք: Բայց էկան, թե բա «մենք քու հողդ առել ենք», ելեք էստեղից»,- վերհիշում է Լիդա տատն ու ավելացնում, որ երկար փնտրեցին բնակության վայր, վերջապես գտան այս տնակն ու քանի որ հողն արդեն սեփականաշնորհած էր, որոշեցին այն գնել, որպեսզի այդ տնակից էլ դրսում հայտնվելու վտանգ չսպառնա իրենց:

Լիդա տատն ու ութսունը բոլորած Հրանտ պապն այժմ ապրում են 207/117Ա տնակում: Իրենց հետ է բնակվում նաև թոռը՝ Մկրտիչ Իգիթյանը, ով 2013թ.-ից ապրում է իրենց հետ: Լիդա Ստեփանյանը պատմում է, որ տնակում բնակվելը մշտական խնդիրների առաջ է կանգնեցնում իրենց: Ասում է՝ տարիներ շարունակ ապրում են նույն խնդրով. «Ձմեռն օր կուգա, մեր մշտական խնդիրներն էլ կսկսվին: Հենա, էս քանի օրա անձրևներ են, արդեն կաթոցներից աչք չենք բացում: Դոմիկը կխոնավանա, մենք էլ ծեր մարդիկ ենք արդեն, հազար հիվանդություն ունինք, չենք կրնա հեչ բան անել: Թոռս կօգնե պապուն կդզեն-կփչեն, օր յոլլա էրթանք մինչև տեսնենք հալներս ինչղ կէղնի»,- սրտնեղում է Լիդա տատը:

Սաթենիկ Սիմոնյան

Դեռ հույս ունեն, որ նոր բնակարան ստանալու իրենց հերթն էլ կգա

Լաուրա Հովհաննիսյանն իր աղջկա՝ Լիլիթ Հովհաննիսյանի և երկու թոռների հետ, ապրում է 207/060 տնակում: Տնակի մի հատվածը կիսաքարապատ է, մյուս մասը ժամանակին ավտոտնակ է եղել, որն այժմ ընտանիքի համար հյուրասենյակ և ննջարան է ծառայում: Երեսուն տարի է, ինչ ընտանիքը ապրում է այս հասցեում: Լաուրան պատմում է, որ երկրաշարժից հետո փլված շենքերից քարեր բերեցին ու տնակի մի հատվածը կառուցեցին:

Երեսունհինգամյա Լիլիթ Հովհաննիսյանը արդեն երեք տարի է, ինչ երկու զավակների հետ բնակվում է մոր հետ՝ տնակում: Ասում է՝ ավտոտնակում, որտեղ ապրում են խնդիրները անթիվ են, սակայն վերջին դժբախտ պատահարից հետո, դրանք չնչին են թվում.Լիլիթի տասնհինգամյա դուստրը, մոտ երեք ամիս առաջ վրաերթի ենթարկվեց. «Առավոտը՝ դպրոց գնալուց, պատահաբար դեպքը եղավ: Փառք Աստծո, կյանքին վտանգ չի սպառնացել: Բայց կոտրվածքներ ունի մարմնի մի շարք հատվածներում: Մի ոտքը երկաթի մեջ է, մյուսը գիպսի »,- հուզված ասում է Լիլիթը: Դեպքի համար ընտանիքը չի բողոքել, ասում են՝ կարևորը երեխան ողջ է, բուժման հետ էլ մեծ հույսեր են կապում:

Տիկին Լաուրայի խոսքերով ավտոտնակը, որտեղ ապրում են արդեն երեուն տարի, ձմռան ամսիներին սառցակալում է. « էս չես էլ կրնա ասես, որ տնակ է: Կեսը քար է , կեսն էլ ավտոտնակ: Մե կերպմ հարմարացրել ենք, որ ապրինք: Ձմեռը լրիվ սառույց կբռնի , ամառն էլ երկաթը էնքան կտաքանա՝ շոգից չես կրնա ներս մտնել…մի անտանելի վիճակ է լինում»:

Ընտանիքը երազում է երեքսենյականոց բնակարանի մասին, ասում են՝ աղջիկ ու տղա ունենք, երեխաներն արդեն մեծ են, ամեն մեկն իր անկյունն է երազում: Չնայած երեսուն տարի է անցել ավերիչ երկրաշարժից, սակայն իրենք էլ՝բազմաթիվ ընտանիքների նման, դեռ հույս ունի , որ շատ շուտով նոր բնակարան ստանալու իրենց հերթն էլ կգա:

Սաթենիկ Սիմոնյան

Սովորել եմ արդեն էս տնակին, հարևաններին

1989թ.-ին Շահինյան Ջուլիետան ընտանիքի մյուս անդամների հետ Բաքվից եկան Գյումրի: Արմեն Շահինյանը՝ Ջուլիետայի տղան, ասում է, որ Հայաստան եկան որպես փախստական: Սկզբում ընտանիքին տուն խոստացան, սակայն փախստականների ցուցակում փոփոխություններ տեղի ունեցան ու նրանց մի մասը քաղաքացիություն ստացավ: Տարիներ անցան , սակայն Շահինյանների ընտանիքն այդպես էլ բնակարան չստացավ:

Արմենն ու Ջուլիետան արդեն երեսուն տարի բնակվում են 207/039 տնակում: Տարիների ընթացքում Արմենը փորձել է վերանորոգել տնակը, սակայն այժմ մտածում է այն քարապատելու մասին: Ասում է՝ արդեն սովորել է տարածքին, բացի այդ, հարևանները ևս քարապատել են տնակներն ու հարմարվել դրանց: « Հիմա ստեղ բոլորին ճանաչում ենք, հարևան է, բան է…սովրել եմ արդեն էս տնակին:Տյա, կողքը բոլորը ծառ ու ծաղիկ ունինք.սաղ իմ տնկածներս է: Ընձի համար ավելի վիգդնի կէղնի ստեղ մնամ, եթե իհարկե կրնանան օգնեն քարապատեմ» ,- ասում է Արմեն Շահինյանը: Հիսունյոթամյա Արմենն այժմ գործազուրկ է: Պատմում է, որ երկար տարիներ աշխատել է, այժմ սակայն, անգործունակ է: Մայրը՝ տիկին Ջուլիետան, երրորդ կարգի հաշմանդամ է: Արմենը պատմում է, որ նպաստ էին ստանում, սակայն վերջերս ընտանիքը նպաստից կտրվեց:

«Կարմիր խաչ» գնացի, նկարեցին շատ ոգևորված, ինֆորմացիա վերցրին, որ օգնություն տան, բայց հետո գնացի, հարցրի նորություն կա՞, ասեցին՝ չէ, դեռ սպոնսր չկա: Էտպես էլ բան չստացանք»,- պատմում է յոթանասուներեքամյա Ջուլիետա Շահինյանը: Այն հարցին, թե ցանկանու՞մ է նոր բնակարան տեղափոխվել կամ մնալ տնակում՝ քարապատելու պայմանով, տիկին Ջուլիետան պատասխանեց, որ ինքն « էսօր կա, վաղը չկա

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԿԱՊ
  • Հասցե : Ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9ա շենք, 2-րդ հարկ , 206 սենյակ

  • Էլ․հասցե : gyumriwmsf@gmail.com
  • Հեռախոս : +37494032042

2017© Design and development by gHost Services LLC.